My Pages

Tuesday, November 8, 2016

Ավետիք Իսահակյան

Փաստեր

ü  Ավետիք Սահակի Իսահակյան (հոկտեմբեր 30, 1875, Ալեքսանդրապոլ - հոկտեմբեր 17, 1957, Երևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչՀայաստանի ԳԱ ակադեմիկոս։
ü  Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր։ 
ü  1892-ին կարդալով նրա <<ծաղիկ էի նորաբողբոջ>> բանաստեղծությունը՝ Հովհաննիսյանը ( նրա ուսուցիչը Գևորգյան ճեմարանում ) բացականչել է. << Կեցցե՜ս, այ հիմա բանաստեղծ ես>>:
ü  1897-ին լույս է տեսնում նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ << Երգեր և վերքեր>>:

ü 1957 թվականին մահացել է և թաղվել Կոմիտասի անվան պանթեոնում:  


Բանաստեղծություններ. 

Ետ դառնար հիմա
Ետ դառնար հիմա հասակըս մատաղ,
Լինեի նորից այն խենթ պատանին,
Երգը` շրթունքիս, և սիրտըս ուրախ,
Սանձեի նորից հորըս կապույտ ձին,
Եվ խոլ ձորերով, կատարներով վես,
Սուրող գետերի շառաչյունի հետ
Թռչեի չքնաղ իմ սիրածին տես,
Որպես մի վառված անվեհեր ասպետ:
1942

Ես որ մեռնիմ
Ես որ մեռնիմ ու իմ վերքից
Եթե մի վարդ դուրս ծլեր,
Եվ ընկերըս հեռու տեղից
Գար` շիրիմըս այցելեր.
Եթե նրա խոր աչերից
Մի ցող վարդիս մեջ ծորեր,-
Այն սուրբ ցողը սիրտս կերթար,
Վերքըս խորունկ` կըբուժեր:
1898
Օդեսա

Ես ձեզ ասում եմ
Ես ձեզ ասում եմ` կըգա Ոգու սով,
Եվ դուք կըքաղցեք ճոխ սեղանի մոտ,
Կընկնեք մուրալու հափրած որկորով`
Հըրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ:
Լրբենի ծաղրով արհամարհեցիք
Ոգու վառ զեղմունքմիտք ու երազանք,
Նյութի տաճարում արբած պարեցիք`
Մոռացած
Անմահ, անհունի տենչանք:
Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ`
Ձեր նյութի հանդեպ կըգա Ոգու սով.
Եվ մուրացքի պես փշրանքի համար
Ծարավ ու նոթի կանցնեք ծովե ծով
1903
Բաքու

Մայրիկիս 
Հայրենիքես հեռացել եմ,
Խեղճ պանդուխտ եմ , տուն չունիմ,
Ազիզ մորես բաժանվել եմ,
Տըխուր-տըրտում, քուն չունիմ:

Սարեն կուգաք, նախշուն հավքե՛ր,
Ա՜խ, իմ մորս տեսել չե՞ք.
Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր,
Ախըր բարև բերել չե՞ք:

Հավք ու հովեր եկան կըշտիս,
Անձեն դիպան ու անցան.
Պապակ-սրտիս, փափագ-սրտիս
Անխոս դիպան ու անցա՜ն:

Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին
Կարոտցել եմ, մայրի՛կ ջան.
Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ,
Թըռնիմ մոտըդ, մայրի՜կ ջան:

Երբ քունըդ գա, լուռ գիշերով
Հոգիդ գըրկեմ, համբույր տամ.
Սըրտիդ կըպնիմ վառ կարոտով,
Լա՛մ ու խընդա՛մ, մայրի՜կ ջան

Մեկը չեղավ, որ իմանար վշտերս
Մեկը չեղավ, որ իմանար վշտերս,
Քնքուշ ձեռքով դարման աներ վերքերիս.
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս,
Անուշ բույր տար, վարդի գույն տար երգերիս:

Կյանքս կտամ սրտից բխած համբույրին,
Ա՜խ, թէ մեկը ինձ հասկանա՜ր ու սիրե՜ր:
Ի՞նչ կա երկրում և՛ սրբազան, և՛ անգին,
Քան թէ զոհվել, քան թէ լինել անձնվեր:

Բայց ես կյանքում շա՛տ սիրեցի ու լացի, —
Մեկը չեղավ, որ ամոքեր վշտերս,
Սիրող սրտի ծարավ, ծարավ մնացի,
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս...


No comments:

Post a Comment